AM
9 February 2022 - 13:10 AMT

ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն 2020-ին բախվել է տարածաշրջան ահաբեկիչների զանգվածային տեղափոխման հետ

Հայաստանը 2020-ի աշնանը բախվել է որպես վարձկաններ օգտագործվող օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների զանգվածային տեղափոխմանը տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում։

«Ընդունվել են քայլեր, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական ջանքերի ավելացմանը, այդ թվում՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու համար օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների պատրաստման, ֆինանսավորման և զինման դեմ ուղղված քայլերը: Դրան մենք բախվել ենք 2020 թվականի աշնանը մեր տարածաշրջանում»,-նշել է Ղևոնդյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր գոյության տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանային անվտանգության պահպանման գործոն։ Աշխարհում անվտանգության մեխանիզմների հետընթացի ֆոնին կազմակերպությունը, որպես բազմաֆունկցիոնալ կառույց, ուղղված է իր անդամների անվտանգության ապահովմանը։

Ղևոնդյանն ընդգծել է, որ անդամ պետությունները ջանքեր են գործադրում Կազմակերպության ներուժի, ուժերի և միջոցների կատարելագործման ուղղությամբ, ակտիվորեն խորհրդակցություններ են անցկացնում՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական նախաձեռնությունները համակարգելու նպատակով:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան զանգվածաբար վարձկաններ էր տեղափոխում ռազմական գործողությունների գոտի։ 2020-ի հոկտեմբերին տեղափոխման մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: