Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի կիրառման շրջանակը:
Քննարկման էր ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Նախագիծն ընդունվել է 84 կողմ ձայնով։
«Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել», – ասել է Վարդանյանը:
Ներկայացնելով նախագիծը Վարդանյանն ասել էր, որ օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը պետականության հանդեպ քաղաքացիների, առաջին հերթին երեխաների և երիտասարդների մոտ հարգալի վերաբերմունքի ամրապնդումն է։
Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի ՀՀ դրոշը մշտապես բարձրացված լինի նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: Առաջարկվում է կանոնակարգել նաև Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման հարցը:
Հեղինակն ընդգծել է, որ նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել օրենքի պահանջների որոշակի խախտումների համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է Կառավարության առաջարկներն ու կողմ կարծիքը օրենսդրական փաթեթի վերաբերյալ:






