Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ստուգումներ է իրականացրել: Հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալը՝ Կարեն Թորոսյանը, ձերբակալվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատել է լուրը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
Տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու և մի շարք այլ հոդվածներով քննվող քրեական գործի շրջանակում:
Ամիսներ առաջ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբայանը «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ ինքը հիմնարկում խախտումներ էր նկատել, դիմել Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչություն, հանդիպել ավագանու անդամներին և թաղապետներին, բարձրաձայնել խնդիրը: Դրանից հետո վերահսկողության և իրավապահ մարմինները լայնածավալ ստուգման գործողություններ էին սկսել աղբահանության հիմնարկում:
Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Հայկ Մարությանի՝ սեպտեմբերի 9-ին տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: Ուսումնասիրության նյութերը հոկտեմբերի 29-ին փոխանցվել էին իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու համար:
Նշվում է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մերձավորներից է:






