AM
9 Փետրվար 2022 - 14:38 AMT

Մասիսի մանկապարտեզները ժամանակավոր չեն գործի՝ հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի նախադպրոցական հաստատությունների գործունեությունը ժամանակավոր դադարեցվում է։ Այդպիսի որոշում է կայացրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը՝ հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը, նախադպրոցական հաստատություններ երեխաների հաճախելիության ցածր ցուցանիշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դավիթ Համբարձումյանը:

«Որոշվել է․

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ների գործունեությունը 2022 թվականի փետրվարի 9-ից անորոշ ժամկետով դադարեցնել:

2․Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։

3.Մանկապարտեզի աշխատակիցներին վճարել պարապուրդի համար (յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):

4․Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել»,- ասվում է գրառման մեջ։