AM
9 Փետրվար 2022 - 14:56 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 108 անձի աճյուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը 217 անհետ կորած ունի։

Նա նաև տեղեկացրել է, որ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 108 անձի աճյուն։

«Ադրբեջանն անընդհատ ասում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո մոտ 4000 անհետ կորած ունի, բայց պետք է նշեմ, որ հայկական կողմն էլ ունի անհետ կորածներ՝ 777 անհետ կորած առաջին պատերազմից հետո, և 217՝ 44-օրյա պատերազմից հետո»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին հայկական կողմը ևս 2 աճյուն կփոխանցի Ադրբեջանին։

Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանը փորձում է տարբեր հարթակներում ներկայացնել, թե հայկական կողմն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում։

Նա ասել է նաև, թե ակնկալում է, որ Ադրբեջանը նույնպես քայլեր կձեռնարկի, հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։