AM
9 February 2022 - 15:09 AMT

Փոխնախարար․ Շուշիի գորգերի ցուցադրությունն առաջարկել ենք գործող ու առաջատար թանգարաններում կազմակերպել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, ասել է, որ Շուշիի գորգերի ցուցադրությունն առաջարկել են գործող ու առաջատար թանգարաններում կազմակերպել։

Պատերազմի օրերին հաջողվել է Շուշիից մոտ 170 գորգ փրկել: «Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող ու առաջատար լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը»,-ասել է նա։

Խզմալյանն ասել է, որ հավաքածուի սեփականատիրոջ հանդիպումներ է ունեցել և կա քաղաքականություն մեկտեղելու արժեքները, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու, քանի որ երբ ցուցանմուշները հարուստ են, այցելուների հոսքերն ավելի մեծ են լինում: Նա հավելել է, որ հիմա որոշում են, թե որտեղ է լավագույն տեղը, որտեղ կարող են գորգերը ցուցադրել:

Շուշիից տարհանված գորգերը ժամանակավորապես պահվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: