Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի բացակայությունը արգելակում է պաշտպանական համակարգում լուրջ վերափոխումների հնարավորությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ այս առումով ևս ՀՀ-ն հետ է մնացել ավանդական դարձած թշնամուց, ով նախորդ տարվանից ընթացքի մեջ է դրել բարեփոխումների գործընթացը։
«Պաշտպանության նախարարը նշում է, որ դրանք առաջիկայում դրվելու են քննարկման՝ հրապարակվելու են, սակայն ավելացնում է, որ մշակված հայեցակարգի մասով դեռ վերապահումներ ունի։ ՀՀ-ում շարունակ խոսում են ռազմարդյունաբերության զարգացման մասին, սակայն համակարգը 1.3 տարի է ղեկավար չունի՝ ոլորտը թողնված տարօրինակ կարգավիճակում։
Խոստումները, հավաստիացումները գեղեցիկ հնչում են, սակայն իրականության հետ դրանք քիչ առնչություն ունեն»,-գրել է նա։
Փետրվարի 9-ին ԱԺ-ում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ԶՈւ բարեփոխումների հայեցակարգը 2021-ի ավարտին արդեն մշակված է եղել ու պատրաստ շրջանառության, սակայն բովանդակությունն իր համար այդքան էլ ընդունելի չի եղել և հետ է ուղարկել վերախմբագրման:
Նա նաև ասել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ խնդիր է դրվել, որ Հայաստանում ռազմական արդյունաբերություն լինի, իսկ կառույցը մինչ օրս նախագահ չունի, քանի որ «այդ պաշտոնում փորձառու մարդ պետք է նշանակվի, որ սխալներ չլինեն»:






