AM
10 Փետրվար 2022 - 08:19 AMT

ԱԱԾ-ն օտարերկրյա գործակալական ցանց է բացահայտել․ 19 ձերբակալված կա

ԱԱԾ-ն փաստական տվյալներ է ձեռք բերել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել, որ ստեղծած գործակալական ցանցի կազմում ներգրավել են ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:

Լրտեսություն իրականացրած անձինք սոցցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերենին ազատ տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ ԶՈւ-ում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ հետո նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ:

Նշված անձինք գործակալական ցանցում ներգրավել են մոտ 20 ՀՀ քաղաքացու, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:

Նախաքննության ընթացքում հնարավոր է եղել բացահայտել ներգրավված ՀՀ քաղաքացիների ինքնությունները։ Նախաքննության ընթացքում կատարվել է 30-ից ավելի խուզարկություն, հայտնաբերվել և վերցվել են քրեական գործի համար էական նշանակություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, այդ թվում՝ նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքագրված տեղեկությունների փոխանցման դիմաց արտարժույթի տեսքով վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:

Ձերբակալվել է ընդհանուր թվով 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:

Նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, ուստի կոչ է անում հակաօրինական արարքի կատարմանը ներգրավված անձանց կամովին և ժամանակին համագործակցել ԱԱԾ հետ։