ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբության իր էջում գրել է, որ դատավոր Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները խախտվել են։ ՄԻՊ-ը ներկայացրել է նաև իրավական դիրքորոշումները։
2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ:
Նշվում է, որ փաստաբանների բողոքից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ պարզաբանումներ են պահանջվել փաստաբաններ բարձրացված հարցերի առնչությամբ, տեղի է ունեցել քննարկում փաստաբանի հետ, ուսումնասիրվել է ՀՀ դատավորների միության նախագահի հայտարարությունը:
«Այնուհետև, նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ՄԻՊ աշխատակազմը մանրամասն հետևել է դատավորի հետ կապված իրադարձությունների զարգացմանը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 7-ի որոշմամբ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանի և Արսեն Սարդարյանի հետ:
Քննարկումից հետո՝ նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղի է ունեցել առանձնազրույց Բորիս Բախշիյանի հետ»,-ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ փետրվարի 7-ին ՄԻՊ աշխատակազմում պատշաճ ստացվել և ուսումնասիրվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, ինչպես նաև ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության փետրվարի 1-ի հրապարակային հայտարարությունը Բախշիյանի գործի վերաբերյալ:
Ուսումնասիրվել է նաև Դատավորների միության փետրվարի 2-ի հայտարարությունը՝ առաջ քաշված մտահոգություններով:
Բախշիյանի իրավունքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանել է, որ այս հայտարարությունը չի վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով Բորիս Բախշիյանին առաջադրված մեղադրանքի փաստերին ու դրանց նկատմամբ իրավական կանոնների կիրառությանը:
ՄԻՊ-ը ներկայացրել է իրավական վերլուծությունն ու դիրքորոշումները։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ ԲԴԽ-ն նաև դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն է տվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Հունվարի 26-ին դատավոր Բախշիյանի որոշմամբ՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Մինասյանն ազատ է արձակվել։






