AM
10 February 2022 - 11:16 AMT

Երևանում Հայրենադարձության ինտեգրման կենտրոն կգործի. Որոշումն ընդունվել է

Երևանում Հայրենադարձության ինտեգրման կենտրոն կգործի։ Կառավարությունը որոշում է ընդունել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին»:

Նպատակն է հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ և օպերատիվ ծառայություններ մատուցելու ունակ ինտեգրման կենտրոն ստեղծելն է։

Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար։

Համապատասխան պայմաններին բավարարող կենտրոնը կտրամադրի անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, և արևմտահայերեն։

Նաև խորհրդատվություն և գործնական աջակցություն կտրամադրվի հետևյալ ոլորտներում՝ փաստաթղթավորման, անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության, առողջապահական, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, զբաղվածության և աշխատանքի, զինվորական հաշվառման և ծառայության, օրենսդրական, հարկային, բանկային գործարքների և ֆինանսների, իսկ վտանգված սփյուռքյան համայնքներից արտակարգ իրավիճակների հետևանքով զգալի ներգաղթի դեպքում առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն:

Վարչապետի աշխատակազմին կթույլատրվի մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպությունից գնել սպասարկման ծախսերը, ինչը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել կենտրոնի տեխնիկական սպասարկման աշխատանքները և ապահովել դրանց իրականացման անընդհատությունը՝ օպերատիվ արձագանքելով հայրենադարձության գործընթացի ժամանակ առաջացած և հրատապ համարվող խնդիրներին: