Կառավարությունը հավանություն է տվել դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը: Գործադիրը հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից, այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կոռուպցիայի հիմքը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, հայտարարել է, որ նաև դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում։
Նա նշել է, որ արդեն շրջանառության մեջ է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը՝ հավելելով, որ օրակարգում է դատավորների, ինչպես նաև դատախազական, քննչական մարմինների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը։
«Ճգնաժամ է այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից, պատշաճ աշխատավարձ չեն ստանում։ Պետք է գնանք այս ճանապարհով, որ մեր երկրում զինվորից ու փրկարարից սկած՝ ստանան բարձր աշխատավարձ։ Աա մեզ համար քաղաքական նպատակ է»,-ասել է Փաշինյանը:






