AM
10 Փետրվար 2022 - 14:41 AMT

ԱԳՆ․ ԼՂ խնդրի գոտի ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն առաջնահերթ է և հրատապ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը Հայաստանը համարում է առաջնահերթ և հրատապ, այս մասին հայտարարել է ։

«Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ խոսնակը նշել է նաև, որ Երևան և Բաքու ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը հայկական կողմը դիտարկում է բացառապես կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։