«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի իշխանությունների ստեղծած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։
«Հայտնի է, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։
Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաև իշխանության և նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։
Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։
Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»,-ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: «Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:






