AM
14 Փետրվար 2022 - 08:30 AMT

Մարզպետ․ Գյումրիի վթարային շենքերում մասնակի քարաթափում է եղել

Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են եղել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26-ում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշել է նաև, որ երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:

«Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով»,-գրել է նա։

Գյումրիում երկու թաղամաս էր հոսանքազրկվել, ժամը 23։50-ին հոսանքը վերականգնվել է։

Փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան` Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: