AM
14 Փետրվար 2022 - 08:51 AMT

Քոչարյան․ 44-օրյայի քննիչ հանձնաժողովին հասանելի կլինեն գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովին հասանելի են լինելու գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը։ Այդ մասին հայտնել է Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, թե «ո՞նց է ընդդիմությունը դրանից հրաժարվում»։

Նա նշել է, որ ընդդիմությունը պետք է մասնակցություն ունենար հանձնաժողովի աշխատանքներին, գրում է Aysor.am-ը։

«Բայց իրենք, չգիտես՝ ինչու, այդպես էլ չկարողացան պատասխանել, թե չմասնակցության պատճառը որտեղ է, ասում են՝ «իշխանությունը տվեք մեզ, որ մենք մասնակցենք». այսպես չի լինում, արտահերթ ընտրություններով ժողովուրդը որոշել է՝ ով ինչ քաղաքական դաշտում պետք է տեղ զբաղեցնի», – ասել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ հանձնաժողովում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, իսկ ընդդիմությունը, իր կարծիքով, զրկվել է հատուկ կարծիք ձևավորելու իրավունքից։

Նա նշել է, որ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև զոհված զինծառայողների ծնողները։

«Թող գան, նստեն ու տեսնեն՝ ոնց ենք աշխատում. վատ աշխատենք, թող տան, մեր գլուխը ջարդեն», – հայտարարել է Քոչարյանը։

Ընդդիմադիրները լքել են դահլիճը՝ նշելով, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օբյեկտիվություն դրսևորել։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Նրանք համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով․ «ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում»։

Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: