«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը, անդրադառնալով փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին, ասել է, որ եղել է 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը` 3 մագնիտուդով։
«Հետցնցում արդեն կա։ Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է», – ասել է Սոս Մարգարյանը՝ նշելով, թե հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժներին, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։
Անդրադառնալով փլուզումների մասին հարցին՝ ԱԻՆ ներկայացուցիչն ասել է, որ եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է տեղի ունեցել։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են եղել վթարային շենքերում։
Փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան` Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:






