AM
14 Փետրվար 2022 - 09:48 AMT

Քոչարյան․ Փաշինյանը կկանչվի հանձնաժողով, այն կքննի նաև պատերազմում պարտության պատճառները

ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը քննելու է անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները։ Այդ մասին առաջին նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը նա նաև տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով։ Ըստ նրա` դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, տեղեկացնում է Sputnik Armenian:

Առաջին նիստում Քոչարյանն ասել է նաև, որ հանձնաժողովը կքննի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները։

Նա հայտնել է, որ քննության առարկա կդառնա նաև պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։ Բացի այդ, կքննվի զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները, ընդունած որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին, նշում է աղբյուրը։

Քոչարյանի խոսքով` կուսումնասիրեն ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում> ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքները։ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, հետախուզական գործունեության վիճակը նույնպես քննության առարկա կդառնա։

Հանձնաժողովը կանդրադառնա նաև բանակցային գործընթացին և 44-օրյա պատերազմի ավարտին։

Չնայած հանձնաժողովի անդրանիկ նիստին ընդդիմադիրները ներկա էին, նրանք հայտարարել են, որ կասկածում են ներկայիս իշխանության օրոք նման հանձնաժողովի օբյեկտիվությանը և լքել նիստը։

Փտրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամիս է, անհրաժեշտության դեպքում կարող են ևս 6 ամիս երկարաձգել աշխատանքները։