AM
15 February 2022 - 07:52 AMT

ՄԻՊ․ Ադրբեջանական ներխուժումների պատճառով Գեղարքունիքի մի շարք գյուղեր ջուր չունեն

Ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա օրերս Գեղարքունիքում էր, և այժմ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։

Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր: Այցի ավարտին նա նշել է, որ լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը:

Նա նշել էր նաև, որ ադրբեջանական զինծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:

Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար նախատեսված ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը: