AM
15 Փետրվար 2022 - 11:28 AMT

ԳԱԱ․ Բազմաբնակարան շենքի կառուցումն անվերահսկելի ռիսկեր կստեղծի իր տեսակի մեջ միակ գիտաարտադրական կենտրոնի համար

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում։ Այդ մասին ասվում է ԳԱԱ տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, իր տեսակի մեջ միակ, գիտաարտադրական կենտրոնի բնականոն գործունեության ու զարգացման համար։

«Հայաստանի տնտեսական զարգացումն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ քիմիայի և հարակից գիտությունների խթանման հետ։ Ուստի, ակադեմիական գիտական հաստատությունների պահպանումն ու շեշտակի զարգացումն անհրաժեշտություն է»,-ասվում է հայտարարության մեջ։

ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ազատություն 26 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք։ Սկսվել են հորատման աշխատանքներ։ Փետրվարի 14-ին Քիմիայի գիտական կենտրոնի աշխատակիցները դուրս էին եկել բողոքի ցույցի։ Նրանք պահանջում էին կառավարությունից չեղարկի նախկինում կայացրած որոշումը, որով հողատարածքը վաճառվել է մասնավոր ընկերությանը։