Երևանում ավտոմեքենաներից օդի կարգավորման և ABS համակարգեր գողացող խումբ է վնասազերծվել։ Գողությունները կատարվում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին, հայտնում է ոստիկանությունը։
Փետրվարի 11-ին ահազանգեր են հնչել, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսներից» գողությունների մասին էին։
Ոստիկանների ձեռնարկած միջացառումներով պարզվել է, որ գործում է հանցավոր խումբ, որի անդամներից մեկը սպասում է փողոցում, հետևում, որ ոստիկաններ չլինեն, մյուսները, արդեն «մասնագիտացած» իրենց գործում, տարբեր գործիքներով հանում են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։
Տեղեկությունն իրացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, և փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվել է։
Քրեական հետախույզները գիշերային ծառայություն էին իրականացնում Անդրանիկի փողոցում, երբ նկատել են 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի է թվացել. նրանք դիմակներով էին, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով եռյակը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բերման ենթարկվելու պահին նրանցից մեկը ձեռքից նետել էր տոպրակը։ Դա նկատել էին ոստիկանները։ Տոպրակով հանդերձ՝ բերման են ենթարկվել։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվել է նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր էին։ Նրանց մոտից հայտնաբերվել է նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք կար։
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն էին արել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։






