AM
16 Փետրվար 2022 - 07:33 AMT

Սասունյան․ ՀՀ-ին ավելի լավ հակահետախուզություն է պետք՝ խափանելու լրտեսների աշխատանքը

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր «Հայաստանին անհրաժեշտ է ավելի լավ հակահետախուզություն՝ օտարերկրյա և ներքին լրտեսների գործունեությունը խափանելու համար» հոդվածում, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ կողմից 19 անձանց՝ Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալելու փաստին, նշել է, որ կան անվտանգության բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնց Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ ուշադրություն դարձնի և հատուկ միջոցներ ձեռնարկի։

Նա հավելել է, որ նույնիսկ բարելավված հակահետախուզության դեպքում նման խնդիրները հնարավոր չէ վերացնել, այլ պարզապես նվազագույնի հասցնել, քանի որ գրեթե բոլոր երկրները դառնում են օտարերկրյա և ներքին լրտեսների զոհ:

Սասունյանը ներկայացրել է հարցի շուրջ իր մտորումները և առաջարկությունները.

«1) Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի հմուտ մասնագետներ նշանակելու համար, որոնք գիտեն, թե ինչպես վարել հետախուզական ծառայությունը: Այս առաջարկն արվում է այն պատճառով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր պաշտոններում նշանակել է անփորձ և անիրազեկ պաշտոնյաների` ելնելով զուտ իր իշխող կուսակցությանը նրանց անդամակցությունից։ Անկարողության ամենաթարմ օրինակը ԱԱԾ-ի զարմանալի հայտարարությունն էր, որ թերթի հոդված կարդալով են իմացել, որ ՀՀ նախագահը երկքաղաքացիություն ունի, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է։ Պատկերացրեք, որ Հայաստանի հետախուզական ծառայությունները նախագահի չորս տարի պաշտոնավարելուց հետո թերթից տեղեկանում են նման կարևոր խնդրի մասին՝ առաջինը բացահայտելու փոխարեն:

2) Ազգային անվտանգության ծառայությունը, բացի նրանից, որ փորձառու կադրերի կարիք ունի, պետք է ունենա նաև հակահետախուզության ամենաառաջադեմ տեխնոլոգիա։

3) Հայաստանի կառավարությունը պետք է խորհրդակցի դաշնակից կառավարությունների հետ՝ ինչպես բարելավել իր հետախուզական ծառայությունների ուսուցումը, կազմակերպումը և գործունեությունը:

4) Լրտեսության համար ձերբակալված 19 հայերը մեղադրվում են ՀՀ զինվորական անձնակազմի, զենքի և ռազմական օբյեկտների մասին գաղտնի տեղեկություններ Ադրբեջանին փոխանցելու մեջ։ Մնում է պարզել, թե արդյոք նրանք մեղավոր կճանաչվեն դատարանում, քանի որ վերջին չորս տարիներին բազմաթիվ հայ պաշտոնյաներ են ձերբակալվել տարբեր իրավախախտումներ կատարելու համար, սակայն չեն դատապարտվել:

5) Ինչպե՞ս կարող է հայկական զինված ուժերը թույլ տալ իր զինվորականներին ունենալ ֆեյսբուքյան էջեր, քանի որ բոլորը գիտեն, որ նրանք խոցելի են հաքերների համար և կարող են որպես թիրախ ընտրվել օտարների կողմից:

6) Որտե՞ղ էր Հայաստանի հետախուզական ծառայությունների վերահսկողությունը, երբ խոցելի զինվորականներն ազգային գաղտնիքները հաղորդում էին թշնամուն:

7) Խիստ մտահոգիչ է, որ այդքան մեծ թվով տարբեր աստիճանի զինվորականներ են ձերբակալվել։ ԱԱԾ-ն հայտարարեց, որ մոտ 24 զինվորական ներգրավված է եղել այս լրտեսական գործունեության մեջ, ինչը նշանակում է, որ կան ևս մի քանի կասկածյալներ, որոնք չեն ձերբակալվել։

8) Եթե նույնիսկ այս լրտեսական ցանցի մնացած անդամները ձերբակալվեն և մեղադրվեն, դա չի նշանակում, որ 24 կասկածյալները միակն են, որոնք ներգրավված են այս լրտեսական ցանցում: Կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր ուրիշներ, որոնց ինքնությունն ու գործունեությունն անհայտ են: Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանը կարծես թե ունի հմուտ գործակալների անձնակազմ, որոնք գիտեն, թե ինչ են անում։ Նրանց, ամենայն հավանականությամբ, վերապատրաստում է թուրքական բարձրակարգ հետախուզական ծառայությունը՝ MIT-ը։

9) Այս լրտեսական սկանդալի լուրջ հարցերից մեկն այն է, որ ձերբակալվածներից ոմանք, ըստ տեղեկությունների, վաճառել են ազգային գաղտնիքները մի քանի հարյուր դոլարի դիմաց: Հայաստանի կրթական համակարգում լուրջ թերություններ կան, եթե Հայաստանում ծնված, մեծացած, կրթված և զինվորական ծառայության մեջ գտնվող հայը պատրաստ է չնչին գումարի դիմաց դավաճանել իր ազգին։

10) Հայաստանում առաջին անգամ չէ, որ լրտեսներ են ձերբակալվում։ Վերջին 30 տարում գրանցվել է հայերի կողմից Թուրքիայի օգտին լրտեսության մի քանի դեպք։ Նրանցից ոմանք եղել են Հայաստանի պետական պաշտոնյաներ։

11) Ադրբեջանը նախկինում հայտարարել էր մի շարք հայերի և ադրբեջանցիների ձերբակալության մասին, որոնք իբր լրտեսել էին Հայաստանի օգտին։ Հայտնի չէ՝ արդյոք նրանք իսկապե՞ս լրտեսներ էին, թե՞ ոչ։

12) Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում լրտեսական խնդիրները շատ ավելի կսրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի ենթադրյալ բացմամբ։

13) Բացի իսկական լրտեսներից, Ադրբեջանն ու Թուրքիան արժեքավոր տեղեկություններ կհավաքեն Հայաստանի մասին՝ հարցաքննելով իրենց քաղաքացիներին Հայաստանից վերադառնալուց հետո:

14) Եղել են մի քանի դեպքեր, երբ վերջին տարիներին երկրում աշխատանքի բացակայության պատճառով Թուրքիա ներգաղթած հայերին դիմել է թուրքական հետախուզությունը՝ տուն վերադառնալուն պես ՀՀ մասին տեղեկություններ հավաքելու համար, ինչի համար նրանք առատաձեռն փոխհատուցում են ստացել:

Ամփոփելով, թշնամական գործողություններ իրականացվում են ոչ միայն պատերազմի, այլ նաև խաղաղ ժամանակ՝ հավաքագրելով ներքին և արտաքին գործակալներ։ Հայաստանի կառավարությունը պետք է շատ լրջորեն մոտենա այս խնդրին և անհրաժեշտ միջոցներ ու անձնակազմ հատկացնի նման հետախուզական գործունեությանը հակազդելու համար»,-ասվում է հոդվածում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գործող լրտեսական ցանց է չեզոքացվել՝ 19 զինծառայող ձերբակալվել է: ԱԱԾ-ն մեղադրել է ձերբակալված 19 հայ զինվորականին՝ գումարի դիմաց Ադրբեջանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ։ Ադրբեջանցի գործակալները կապվել են հայ զինվորականների հետ՝ ստեղծելով ֆեյսբուքի կեղծ էջեր՝ հայերենով շփվող գրավիչ կանանց լուսանկարներով։