AM
16 Փետրվար 2022 - 09:38 AMT

Քոչարյանի պաշտպանների նկատմամբ կիրառվել է սանկցիա՝ 50,000-ական դրամի տուգանք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատական սանկցիա է կիրառել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ։ Նրանցից յուրաքանչյուրը պարտավորվել է վճարել տուգանք՝ 50,000 դրամի չափով: Այդ մասին հայտնել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից, տեղեկացնում է Factor.am-ը։

Փետրվարի 15-ին մեղադրող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետո, Քոչարյանի պաշտպանները հայտարարել էին, որ մեղադրանքը պարզ չէ և պահանջել պարզաբանել դրա էությունը, սակայն պարզաբանումներ չստանալով՝ լքել դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել։ Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով՝ շուրջ մեկ տարվա քննությունից հետո, դատարանը դատաքննության փուլ է մտել։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ըստ որի՝ 2008 թվականին գործարար Սիլվա Համբարձումյանը հանք շահագործելու նպատակով՝ ուսումնասիրման հատուկ լիցենզիաներ ստանալու և իրեն պատկանող ընկերության վաճառքին չխոչընդոտելու համար, նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել և կաշառք է առաջարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլ պաշտոնատար անձանց։

Ըստ մեղադրանքի, վերջիններս կաշառքի առաջարկն ընդունել են, որը ստանալու նպատակով պաշտոնյաների անունից դրանք ստանալու համար ներկայացել է Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը։ 2008թ.փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, ըստ մեղադրանքի, պաշտոնաթող նախագահը ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։