ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››: Նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:
Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:
Վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվել են հետևյալ ռազմավարական ուղղությունները.
• համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները ՀՀ ամբողջ տարածքում,
• կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում,
• կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում:
Ծրագրի իրականացումը կապահովի 2030 թ. հետևյալ արդյունքային շրջանակը.
• բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից, դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, բոլոր խոշորացված համայնքներում կգործեն մսուրի ծառայություններ,
• բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, համալրված կլինեն որակավորված և սահմանված ստանդարտներին համապատասխան ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն,
• ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից,
• մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն,
• ուսումնառության արդյունքներ-ուսումնառության տևողության հարաբերակցությունը 8․3-12 տարի հարաբերակցությունից կհասցվի 11․5-12 տարի հարաբերակցության,
• բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից (475 միավոր) բարձր ցուցանիշներ, համապատասխանաբար՝ 575-ի, 550-ի չափով,
• նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր,
• առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ,
• կպատրաստվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրեր. ուսումնարանը, քոլեջն ու բուհն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնի շրջանավարտների 90%-ը,
• ՄԿՈւ հաստատությունների և բուհերի ուսանողները կունենան պատշաճ կահավորված, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և մատչելի հանրակացարանային հնարավորություններ,
• յուրաքանչյուրի համար բազմազան հնարավորություններ կստեղծվեն (ֆորմալ և ոչ ֆորմալ) նոր գիտելիքներ ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու, նոր որակավորում ստանալու համար,
• աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթության, այդ թվում՝ հեռավար ուսուցման միջոցներով, սփյուռքում գործող հայկական կրթօջախները լիարժեք ինտեգրված կլինեն Հայաստանի կրթական համակարգին,
• Հայաստանի բարձրագույն կրթությունը ձեռք կբերի այնչափ միջազգային հեղինակություն, որ օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկվի:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 1-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը:






