AM
16 Փետրվար 2022 - 10:33 AMT

Նախարար․ Ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է` ԱՀ նախագահի դեմ քրգործը միջազգային իրավական հիմքեր չունի

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով Ադրբեջանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ քրգործի հարուցմանը, ասել է, որ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ «քրգործը որևէ միջազգային իրավական իսկական հիմքեր ունենալ չի կարող», գրում է «Առավոտը»։

Ադրբեջանի դատախազությունը քրգործ է հարուցել Արցախի նախագահի դեմ ու հետախուզում հայտարարել: Հարությունյանը մեղադրվում է իբր «2020 թվականին Գյանջայի խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած 4 ահաբեկչությունների համար»:

«Այն ինքնապաշտպանությունը, որն իրագործել է մեր ժողովուրդը, նաև Արցախի ժողովուրդն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, այստեղ իրավական հետապնդում անել ինքնապաշտպանության համար անտրամաբանական է»,- ասել է նա՝ հավելելով, որ ծանոթ չէ քրեական գործ կոչվածին, որը հայտնվել է մամուլում:

Անդրադառնալով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկությանը՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ քրգործեր հարուցելու վերաբերյալ՝ Անդրեասյանն ասել է, որ դա դատախազության տիրույթում է:

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ այն երկրներում, որտեղ կա ընդհանուր իրավազորություն, փաթեթներ պետք է ուղարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների որոշումները կայացրած ներկայացուցիչների դեմ քրգործեր հարուցելու համար: