AM
16 Փետրվար 2022 - 12:21 AMT

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքով պահանջում է բեկանել Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաև մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:

2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։

Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։

«Դա իմպերատիվ պահանջ էր՝ պայմանավորված այդ գործով ՄԻԵԴ վերջերս կայացված որոշմամբ։ Դրանով պայմանավորված՝ դատախազությունը ՀՀ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ բեկանելու 2010թ. Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2008թ. Մարտի 1-2-ի դեպքերի առթիվ գործով կայացված դատական ակտերը և իրեն մեղսագրված արարքներում արդարացնել նրան»,- ասել է գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։