AM
16 Փետրվար 2022 - 12:34 AMT

Ցույց՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. Պահանջը՝ պահպանել Արցախի հայկական ժառանգությունը

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է` Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով։ Մասնակիցները գրասենյակի առջև էին տասնյակ պաստառներով և հայկական պատմամշակութային կառույցների լուսանկարներով, որոնք 44–օրյա պատերազմից հետո հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ և ենթարկվում են վանդալիզմի։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանի խոսքով` ակցիան նախաձեռնել են մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական գործիչներ, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք ամիսներ շարունակ այս խնդիրը բարձրացնում ենք։ Դեռևս նախորդ տարվանից նամակ էինք հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան` բարձրացնելով մշակութային ժառանգության վերացման խնդիրը։ Չնայած Հաագայի դատարանն իր վճռով ուղղակի պարտավորեցնում է Ադրբեջանին բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի որևէ գործողություն, բացառել ձևախեղումը, յուրացումը , սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում , մասնավորապես փոխում է իր մարտավարությունը։ Ադրբեջանն այժմ պնդում է, թե այն ժառանգությունը, որ Հայաստանը դարեր շարունակ ունի Արցախում` հայկական չէ, ինչը բացարձակ սուտ է»,–ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով` եթե այժմ քայլեր չձեռնարկվեն, ապա Հայաստանն ուղղակի կորցնելու է Արցախում հայկականությունը։

«Այդպիսի ռազմավարությամբ Ադրբեջանն ուզում է բացառել հայկական կողմից ինքնորոշման իրավունքի և Արցախի նկատմամբ որևէ հավակնություն»,–ասել է նա։

Նա պնդում է, որ խնդիրը միայն մշակութային չէ, սա լուրջ հեռահար նպատակներ է հետապնդում։

Աբրահամյանի կարծիքով` ռուս խաղաղապահները պետք է ոչ միայն Արցախի բնակիչների անվտանգությունն ապահովեն, այլև Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանումը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպելու են ՄԱԿ–ի նորանշանակ ներկայացուցչի հետ և բարձրացնելու իրենց մտահոգող հարցերը։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ից պատասխանել էին «Արմենպրեսին» և շեշտել, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար: Նրանք կոչ էին անում բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»: