2021-ին մոտ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին, որի շրջանակում Հայաստանի բժշկական կենտրոնների առաջատար մասնագետները գործուղվել են Արցախի տարբեր շրջաններ։
Այնտեղ նրանք կատարել են մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։
«Բժիշկները Արցախի համար» ծրագիրը մեկնարկել է 2021թ․ ապրիլին՝ նպատակ ունենալով լրացնելու պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը, ինչպես նաև իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ լսարանային և առցանց ձևաչափով, կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։
«Բժիշկները Արցախի համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Րաֆֆի Հովհաննիսյան ու Նազարյան ընտանիք հիմնադրամների աջակցությամբ, Հայկական բժշկական ֆոնդի, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով:






