Մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբն իր առաջին նիստում քննարկել է հոբելյանին նվիրված ծրագրերը։
Աշխատանքային խումբը համակարգում է բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցը (Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը): Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Դրա ընթացքում դիտարկվել են Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրերը, դրանց վերաբերյալ ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները, քննարկվել են հաստատված միջոցառումների կազմակերպման խնդիրները:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ թանգարանը, ի թիվս մի շարք միջոցառումների, նախաձեռնել է գրողի ստեղծագործությունների թարգմանչական աշխատանք ֆրանսերենով և անգլերենով:
Մանուկյանը ներկայացրել է նաև մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյան օրը նախատեսված միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսվում է շրջայց թանգարանում, ներկայացում «Ամբոխները խելագարված» պոեմի հատվածներով, հուշատախտակի բացում, քայլերթ դեպի «Ամբոխները խելագարված» հուշարձան և այլն: Կողմերը քննարկել են միջոցառումների մանրամասները, ներկայացրել իրենց նկատառումները:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանն էլ ներկայացրել է Չարենցավան համայնքի՝ հոբելյանական տարվան նախապատրաստական աշխատանքները: Առաջարկվել է նախաձեռնել քաղաքում Չարենցի անվան ցուցասրահի վերանորոգման աշխատանքները՝ այն համալրելու նպատակով Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցելով:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հոբելյանական օրը՝ մարտի 13-ը, մեկ անգամ ևս կազմակերպելու աշխատանքային հանդիպում՝ քննարկելու արված և ընթացիկ աշխատանքները: