AM
17 February 2022 - 07:25 AMT

ՀՀ և ԱՀ ՄԻՊ․ Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցները գրեթե ամենօրյա են

Արցախի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները գրեթե ամեն օր են: Այդ մասին ասվում է ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպօաններ Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի համատեղ հայտարարության մեջ։

Նրանք փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արման Թաթոյանը։

Նշվում է, որ փետրվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ, վՎնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: խոցել են տներից մեկի ապակին. Սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ:

«Ադրբեջանական զինված ծառայողներն անմիջապես այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ: Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղիղ ադրբեջանական զինվորական դիրքերի թիրախի տակ է:

Ընդ որում, Արցախում գտնվելու ժամանակ ինքներս անմիջականորեն համոզվեցինք ադրբեջանական հանցավոր արարքների մեջ: Մասնավորապես, փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա, որի հետևանքով խոցվել է տրակտորի ակը:

Այսօր՝ փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ն ընկած հատվածում Խրամորթի բնակիչները գյուղի տարածքում գտնվող խաղողի այգում էտման աշխատանքներ են արել, որի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են և հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց: Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագույն մասը կանայք են եղել»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագույն սոցիալական խնդիրներ:

Նշվում է նաև, որ Աղավնո համայնքում մարդիկ կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. բնակիչները պատմեցին, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները խոշոր եղջերավոր կենդանիներ մորթելուց հետո ոչ պետքական օրգանները գցում այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Սրա պատճառով գյուղում եղել են ջրից զանգվածային թունավորման դեպքեր:

Նշվում է նաև, որ ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, վտանգի տակ է Սյունիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգության հարցը:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու հանցավոր քաղաքականություն, որն ունի համակարգված և նպատակային բնույթ: Ակնհայտ է, որ այս ամենի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունն է, որ միասնական թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ:

Խաղաղ բնակչությանը պաշտպանելու ելքն այն է, որ հայկական գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանք չպետք է լինեն, որպեսզի խաղաղ բնակիչներն իրականացնեն իրենց իրավունքները»,-ասվում է գրառման մեջ։