Մարտի մեկից կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ կվերանայվեն։ Այդ մասին կառավարության նիստի ավարտին ճեպազրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գրում է Sputnik Արմենիան։
«Այս պահին մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից մենք ինչ փոփոխություններ պիտի անենք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, և որոնք կվերացվեն»,– ասել է նախարարը։
Ավանեսյանը չի մանրամասնել, թե կոնկրետ որ սահմանափակումների հարցն է քննարկվում, բայց հայտարարել է, որ փակ տարածքներում դիմակ դնելու պահանջն այս պահին դեռ շարունակում է գործել։
Հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնց համաձայն հանրային սննդի ու մշակութային հաստատություններ հնարավոր է մուտք գործել միայն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի (առավելագույնը 72 ժամ վաղեմության), արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում։






