AM
22 Փետրվար 2022 - 10:09 AMT

Համալիրում Եվրանեսթի նիստն է. Դրսում ցույց է՝ արձագանքել Ադրբեջանի հայատյաց քայլերին

Երևանի մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ադրբեջանական պատվիրակության մասնակցությամբ ընթանում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը, բողոքի ակցիա են իրականացնում հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, պատերազմում զոհվածների հարազատներ։

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու դեմ, հայտնում է «Փաստինֆոն»։

Ելույթ ունեցողները շեշտել են Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները՝ գերեվարված հայ զինվորների, քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, որոնց մի մասին շարունակում են պահել գերության մեջ, Արցախի օկուպացված շրջաններում իրականցվող մշակութային ցեղասպանությունը, որոնց միջազգային հանրությունը չի արձագանքում հավուր պատշաճի։

Բողոքի ակցիայի մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է․ «Ադրբեջանի պատվիրակն այստեղ հերթական անգամ խեղաթյուրում էր ամենապարզ հարցերը։ Նա ասում էր, որ այլևս չկան ռազմագերիներ։ Եթե ես կարողանայի ներս մտնել, թքելու էի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է», գրում է Aysor.am-ը։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, թե պետք է ցույց տալ, որ ժողովրդի օրակարգը որևէ կերպ չի համընկնում Ալիևի օրակարգի հետ։ Նրա խոսքով՝ Եվրանեսթի նիստին մասնակցող իշխանավորները որևէ կերպ չեն ներկայացնում ՀՀ քաղաքացիների տեսակետները։

Ակցիայի մասնակիցները պարզել են «Ազատություն ռազմագերիներին», «Հադրութը մեր հայրենիքն է», «Արդարություն Արցախի համար», «Շուշին մեր տունն է» և այլ գրություններով պաստառներ։

Ադրբեջանի խորհրդարանի 2 պատգամավոր է մասնակցում Երևանում ընթացող Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ կոմիտեի նիստին՝ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Եվրանեսթի նիստում Մամեդովը հայտարարել է, թե, Բաքուն, իբր, «պատերազմից հետո բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»։