Հայաստանում կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխա վերակենդանացման բաժանմունքում է, ընդհանուր առմամբ ամբողջ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում մոտ 190 երեխա։ Այդ մասին հայտարարել է ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Մանկաբույժի խոսքով՝ «օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին։
«Այս հիվանդության դեպքում նկատվել է նաև մի առանձնահատկություն. զարգացել են լարինգոտրախեիտ և կրուպ հիվանդությունները»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։
Սարգսյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խթանում է և կոչ է անում 5 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց պատվաստվել:
Մասնագետի խոսքով՝ Հայաստանում կան պատվաստանյութեր, երեխաները նույնպես կարող են պատվաստվել, պատվաստումը կամավոր է։
«12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումն արդեն փորձարկված է աշխարհում: Չինաստանում քննարկում են 3 տարեկանից սկսած պատվաստելը»,-ասել է նա:
Ըստ Սարգսյանի, ԱՀԿ-ն խրախուսում է երեխաներին պատվաստել Pfaizer կամ Moderna պատվաստանյութերով:
Մասնագետը նաև նշել է, որ փետրվարի 1-20-ը դեպքերի թվի նվազում է նկատվում:
Կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը փետրվարի 21-ից հասանելի է ՀՀ պատվաստման բոլոր կետերում։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։






