Եվրախորհրդարանը չի ճանաչել արցախյան 44-օրյա պատերազմի ելքը։ Այսօր Երևանում անցկացվող Եվրանեսթի ԽՎ բյուրոյի նիստում այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։
«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի ելքը։ Մենք շատ հստակ ասել ենք, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ։ Եթե մենք այստեղ փորձում ենք քննարկել կայուն, երկարաժամկետ խաղաղության հարցը, ապա այդ խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն ԵԱՀԿ-ի, ավելի ճիշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` բանակցությունների միջոցով»,– ասել է Կալյուրանդը` հիշեցնելով, որ այս դիրքորոշումը վերահաստատվել է ԵԽ–ում անցյալ շաբաթ ընդունված բանաձևով, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Կալյուրանդը նաև հավելել է, որ խնդրի լուծում կարող են լինել այնպիսի համատեղ փոքր քայլերը, ինչպիսիք են սահմանազատման գործընթացը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Այն, ինչը, նրա խոսքով, այսօր չի բավարարում։
Պատվիրակության ղեկավարն իր ելույթում կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ վիրավորական ու բևեռացնող արտահայտություններից։
«Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ, բայց խնդիրը ստիպված կլինեք լուծել ինքներդ, խնդրի լուծումը դուք պետք է գտնեք»,– ասել է Կալյուրանդը։
Ադրբեջանի խորհրդարանի 2 պատգամավոր է մասնակցում Երևանում ընթացող Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ կոմիտեի նիստին՝ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Եվրանեսթի նիստում Մամեդովը հայտարարել է, թե, Բաքուն, իբր, «պատերազմից հետո բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»։
Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ընթանում է նիստը, եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիա են իրականացնում հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, զոհվածների հարազատներ։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու դեմ։






