Փակ տարածքում դիմակ կրելու պահանջը նախատեսվում է հանել՝ ուղղակի խորհուրդ կտրվի այն կրել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հավելել է, որ որոշումը կընդունվի հաջորդ շաբաթվա սկզբին, եթե կորոնավիրուսային վարակի տարածման նվազման միտումը պահպանվի։
Դիմակ կրելու պահանջը կպահպանվի բուժհաստատություններում։
Նախարարը վստահություն է հայտնել, որ նվազումն անշրջելի է լինելու, կանխատեսումն արվել է վերջին շաբաթների մշտադիտարկման տվյալների հիման վրա։
Նա նաև նշել է, որ այլ երկրներ ևս գնում են սահմանափակումներից հրաժարվելու ճանապարհով։ Հաջորդ շաբաթվանից նախատեսվում է նաև հիվանդանոցներում մահճակալների կրճատում։
Ավանեսյանն ասել է, որ Հայաստանում ներկա պահին շրջանառվում է «օմիկրոն» շտամի B1 և B2 ենթատեսակները, որոնք տարածման նվազ ցուցանիշ ունեն, իսկ «դելտա» շտամը գրեթե ամբողջովին դուրս է մղվել երկրից։
Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 417,456-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 946-ով։ Մահվան 24 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8378 դեպք կա, այլ պատճառով՝ 1593։