AM
23 Փետրվար 2022 - 10:20 AMT

ՄԻՊ․ Ծանր վիրավորանքի հոդվածը դարձել է քաղգործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր գործունեության ամփոփիչ ասուլիսում, անդրադառնալով անթույլատրելի և վտանգավոր հայհոյանքի դիսկուրսին հանրային տիրույթում, ասել է, որ ծանր վիրավորանքի հոդվածը դարձել է քաղգործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող։

«Պետությունն այստեղ լրջագույն անելիք ունի, մինչդեռ պետությունն ի՞նչ է անում։ Իմ կարծիքով, ինքն էլ է նպաստում այս ամենի աճին և հետո անթույլատրելի մեթոդներով սկսում է պայքարել իր իսկ նպաստած խնդիրների դեմ»,- ասել է Թաթոյանը՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ ատելությունն ու վիրավորանքը հասցրեցին ամենապիկին, բոլորին է վերաբերում, նաև պետական պաշտոնատար անձանց, հետո երկու ամիս անց սկսեցին քրեական օրենսդրությամբ ամենակոշտ մեթոդով պայքարել սրա դեմ, գրում է Panorama.am-ը։

«Հիմա վիճակն ավելի վատ է։ Ծանր վիրավորանքի այդ հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդվածը և ընդհանրապես չի վերացել այդ հայհոյանքն ու վիրավորանքը մեր հանրային դիսկուրսից։ Ի՞նչ ունենք մենք։ Քաղաքական պաշտոնյաներն ատելություն, ներքին թշնամանք են հրահրում իրենց տարբեր անթույլատրելի հայտարարություններով»,- ասել է ՄԻՊ-ը։

Թաթոյանը շեշտել է, որ առավել ևս հիմա մեզ անհրաժեշտ է վերականգնել երկրում հանրային համերաշխությունը, որովհետև ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը և, ցավոք, դրա վերականգնելու հեռանկարները շատ մշուշոտ են։

Նա հավելել է, որ հանրային տիրույթում առկա հայհոյանքի դիսկուրսն անթույլատրելի է և վտանգավոր։

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ մտած ծանր վիրավորանքի նոր քրեականացված օրենքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: