AM
23 Փետրվար 2022 - 10:37 AMT

Թաթոյան․ Պետհամակարգում ինձ չեմ տեսնում` հանրային աշխատանք կծավալեմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդ պաշտոնում իր աշխատանքային գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ այս պահին իրեն չի տեսնում պետական համակարգում։

«Ես ինձ տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս։ Իրականացնելու եմ հանրային գործունեություն։ Շատ վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը, հատկապես՝ ադրբեջանական խախտումների հետ կապված։ Շարունակելու ենք իրենց խախտումները, պատերազմական հանցանքները վեր հանել, այնպես որ իրենք ուրախանալու տեղ չունեն», – ասել է Թաթոյանը, գրում է Aysor.am-ը։

Պաշտպանն ասել է, թե քաղաքական որևէ ուժից առաջարկ չի ստացել իրենց միանալու:

«Ստանալու դեպքում էլ չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ», – ասել է Թաթոյանը՝ նշելով, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդպիսի առաջարկներ եղել են, բայց կտրուկ մերժում են ստացել։

Փետրվարի 23-ին Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջին օրն է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Նրա պաշտոնավարման ժամկետը սպառվել է։