AM
23 Փետրվար 2022 - 11:13 AMT

«Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումն ԱԺ-ում տապալվել է․ ՔՊ-ն չի ներկայացել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն ներկայացել փետրվարի 23-ին հրավիրված արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվելու էր «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության նախագիծը։

Քվորում չի ապահովվել։ Քննարկումը տապալվել է։ Հայտարարության նախագիծը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։

Փետրվարի 21-ի նիստում հայտարարվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա նախաձեռնությանը։

Փետրվարի 21-ի նիստում իշխող խմբակցության մոտեցումը ներկայացրել էր պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հայտարարելով, որ իրենց խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է։ «ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանություները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկներն ու հնարավորությունները»,- ասել էր ՔՊ-ական պատգամավորը: