Փետրվարի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) մի խումբ անդամներ ակցիա են իրականացրել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ։
ՀԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանների կողմից մասնակիցներին բերման ենթարկելու ժամանակ կոտրվել է բերման ենթարկված անձանցից մեկի ձեռքը: Բերման է ենթարկվել նաև աշխատանքային պարտականությունները կատարող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողը:
Նշվում է, որ ակցիան կրել է բացառապես խաղաղ բնույթ, ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում էին պատվիրակության անդամները, պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատվիրակներից պահանջել անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:
Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 25 անձ, բոլորի դեմ քրգործ է հարուցվել։
Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ «մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Մարիոթ» հյուրանոցային համալիր», ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։
«Քաղաքացիներին հյուրանոցային համալիր ներխուժելու փորձերը դադարեցնելու օրինական պահանջ է ներկայացվել, որն անտեսվել է։ Ինչից հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 25 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։
Վարչական շենքի մուտքի դիմաց և ներսում բերված անձինք սկսել են բղավել և խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին: Ոստիկանության ծառայողները հանդարտվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով Կենտրոնական բաժնի աշխատանքի բնականոն ընթացքը։ Հիշյալ անձինք խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Կենտրոնական բաժնի տարբեր աշխատասենյակներ և ներկայացվել նախաքննական մարմին»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքը։ Հեռուստաընկերությունը պնդում է, որ հեռուստաընկերության բերման ենթարկված լրագրողը հայտնել է իր ով լինելը։
Նշվում է նաև, որ «ոստիկանատանն ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր»: Լրագրողն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:
Փետրվարի 22-ին ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որն իրականացվում էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են ՀՀ ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ 25 անձ էր բերման ենթարկվել, այդ թվում` մեկ լրագրող։ Ոստիկանությունն այսօր հայտնել էր, թե այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։






