AM
23 Փետրվար 2022 - 13:48 AMT

Մեջլիսի պատգամավորն ադրբեջանական է անվանել Երևանի Կապույտ մզկիթը, ուր «շուտով իրական տերերը կկարողանան աղոթել»

Եվրանեսթի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ այցելած ադրբեջանցի պատգամավորներն այցելել են նաև Երևանի Կապույտ մզկիթ:

Պատգամավորներից մեկը՝ Թահիր Միրկիշիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մզկիթը անվանելով ադրբեջանական և գրել, թե հուսով է, որ շուտով մզկիթի «իրական տերերը կկարողանան այնտեղ աղոթել»։

«Այցելեցինք Կապույտ մզկիթ։ Որքան գիտենք, սա ադրբեջանական միակ պահպանված հուշարձանն է Երևանում։ Չնայած պատերին այլ պետության մասին գրություններին՝ մզկիթի պատերը, ճարտարապետությունն ու ոգին մերն են։

Հուսով ենք, որ այս մզկիթի իրական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքն անել։ Ի վերջո, ադրբեջանցիների աղոթքները միշտ բարի նպատակներով են և ընդունվում են»,-գրել է ադրբեջանցի պատգամավորը։