AM
23 Փետրվար 2022 - 14:43 AMT

Ղազինյան․ Եթե ՌԴ-ն ու Ադրբեջանը հռչակագիր են ստորագրել, դեռ չի նշանակում` դարձան դաշնակիցներ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը, անդրադառնալով ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային հռչակագրին, լրագրողների հետ զրույցում ասել է՝ սա դեռ չի նշանակում, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը դառնում են դաշնակիցներ։

«Չմոռանանք, որ նույն Ալիևը Շուշիում էլ նմանօրինակ հռչակագիր է ստորագրել Թուրքիայի հետ, որում տրամագծորեն հակառակ պարտավորություններ են։ Ուստի Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու մանևրել այդ պարտավորությունների մեջտեղում»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Ղազինյանը շեշտել է, որ սա ռիսկեր է առաջացնում նաև Ադրբեջանի ներքին քաղաքականությունում։

«Թուրքական ազդեցությունն Ադրբեջանում մեծ է, և բացառված չէ, որ խնդիրներ կառաջանան Ալիևի իշխանության համար։ Ադրբեջանում բոլորը չէ, որ համաձայն են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելուն։ Ադրբեջանում ռուսաֆոբիա կա։ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները դաշնակցային դառնալու ճանապարհին սպառնալիքներ ունեն։ Սա առաջին փորձն է, իսկ գործնականում թե ինչ խնդիրներ կառաջանան, պարզ կլինի առաջիկայում»,-ասել է նա։

Արթուր Ղազինյանը հավելել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է, իշխանությունը փչացրել է հարաբերությունները բոլորի հետ, կորցրել կանխատեսելիությունը։ «Բայց ամեն դեպքում ՀՀ-ն մեր տարածաշրջանում գոնե այս փուլում ՌԴ-ի համար մնում է դեռևս միակ գործընկերը»,-ասել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո փետրվարի 22-ին Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում 40-ից ավելի կետ կա։ Պուտինը ստորագրված հռչակագիրն անվանել է երկու երկրների հարաբերությունների նոր փուլ։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև ռազմական փոխգործակցությանը։ Նշվում է, որ գործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ անվտանգության ապահովման, կայունության և խաղաղության պահպանման նպատակով ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային և իրավական պարտավորությունները։