ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով փետրվարի 22-ին ՌԴ և Ադրբեջանի ստորագրած հռչակագրին, ասել է, որ առայժմ որևէ արձագանք չկա՝ տեքստը ուսումնասիրելուց հետո արձագանքը չի ուշանա։
Նա նաև ասել է, որ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես հարմար են գտնում՝
Նա խնդրել է հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքը, գրում է «Ա1+»-ը։
Լրագրողները տարաբնույթ հարցեր են հնչեցրել ԱԺ փոխխոսնակին, ինչին ի պատասխան Արշակյանը հիշեցրել է ընդդիմության անցած ճանապարհը՝ հասնելով հեղափոխական Հայաստան։
«Չենք կարողացել անվտանգային համակարգը, բանակի հագեցվածության մակարդակը բերել նրան, որ խուսափենք 44-օրյա պատերազմից»,- ասել է Արշակյանը՝ նշելով, որ պատերազմը հետևանք էր ներկայիս ընդդիմադիրների կոռումպացված լինելու, ժողովրդի ձայնը գնելով՝ իշխանություն լինելու և այլն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո փետրվարի 22-ին Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում 40-ից ավելի կետ կա։ Պուտինը ստորագրված հռչակագիրն անվանել է երկու երկրների հարաբերությունների նոր փուլ։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև ռազմական փոխգործակցությանը։ Նշվում է, որ գործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։
Փաստաթղթում ասվում է նաև, որ անվտանգության ապահովման, կայունության և խաղաղության պահպանման նպատակով ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային և իրավական պարտավորությունները։






