ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային հռչակագրի ստորագրման վերաբերյալ դիրքորոշմանը, ասել է, որ ԱԳՆ-ն հուսով է, որ Մոսկվայում փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
Հունաննայն ասել է այդ մասին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը:
Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման»,-ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո փետրվարի 22-ին Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում 40-ից ավելի կետ կա։ Պուտինը ստորագրված հռչակագիրն անվանել է երկու երկրների հարաբերությունների նոր փուլ։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև ռազմական փոխգործակցությանը։ Նշվում է, որ գործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։
Փաստաթղթում ասվում է նաև, որ անվտանգության ապահովման, կայունության և խաղաղության պահպանման նպատակով ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային և իրավական պարտավորությունները։






