AM
24 Փետրվար 2022 - 09:19 AMT

ՀՀ-ում ՌԴ դեսպանության մոտ ցույց է

Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ուկրաինա ներխուժման։

«Համերաշխության և հակապատերազմական ակցիա է լինելու, ոչ մի երթ չի նախատեսվում», – ակցիայի մեկնարկին ասել է կազմակերպիչ, Հայաստանում եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին՝ նա ասել է, թե սա այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2020 թվականին։

«Ռուսաստանը կրկնում է գերմանական ֆաշիզմի 1939-45 թվականների գործողությունները։ Մեզ համար հարկավոր է հասկանալ, որ այս պահին Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է։ Մենք պետք է լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ, պետք է խաղաղության, եվրոպական, մարդկային արժեքների կողմնակիցը լինենք։ Ուզում ենք ցույց տալ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին, Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը», – ասել է Խզմալյանը։

Տարածքում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։