Հունաստանի կառավարության կողմից, ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակում, Spikevax (Moderna) պատվաստանյութի 35,000 դեղաչափ նվիրաբերությունը ժամանել է Հայաստան, ասվում է ՀՀ-ում ԵՄ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Հույս ունենք, որ ՀՀ քաղաքացիների համար պատվաստանյութերի շարունակական ապահովումը թափ կհաղորդի պատվաստումների իրականացմանը, քանի որ Covid-19-ի դեմ պայքարելու, մեղմելու և կասեցնելու միակ գործիքը պատվաստումն է»,-ասվում է գրառման մեջ։
Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 418,220-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 764-ով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8392 դեպք կա, այլ պատճառով՝ 1601։






