AM
26 Փետրվար 2022 - 09:27 AMT

Թաթոյանի հետ ՄԻՊ աշխատակազմից մի խումբ աշխատողներ են հեռացել

ՄԻՊ պաշտոնում իր պաշտոնավարումն ավարտած Արման Թաթոյանի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հեռացել է նաև մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը, ինչպես նաև այլ աշխատակիցներ։

Հովսեփյանն իր հեռանալու մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Արդեն մեկ շաբաթ է գտնվում եմ արձակուրդում, որի ավարտից հետո իմ դիմումի համաձայն կազատվեմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից։ Իմ կարծիքով՝ նոր ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ով իրականացնի իր աշխատանքի հանրայնացումը և այդ հարցում չպետք է կաշկանդված լինի իմ պաշտոնի համար նախատեսված երաշխիքներով։

Վերջին 5 տարիներն ինձ համար եղել են փորձություններով, հիասթափություններով ու հաջողություններով լի տարիներ։ Անկախ դրանից՝ ամեն օր զարգացրել եմ իմ մասնագիտական կարողություններն ու ներդրել դրանք իմ աշխատանքում՝ առանց հաշվի առնելու օրվա ժամը, տոնական օրերն ու իմ անձնական կյանքը։ Շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ պարոն Թաթոյանին, հանրային կապերի պատասխանատու ու բարդ ոլորտն ինձ վստահելու համար և, իհարկե, այն բոլոր մարդկանց, որոնք տարբեր տարիներին աշխատել են հանրային կապերի բաժնում, քանի որ առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ ապահովել դրական արդյունք»,-ասվում է գրառման մեջ։

Հովսեփյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ աշխատակազմից մի խումբ աշխատակիցների հեռանալու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, հայտնում է Aysor.am-ը։

Փետրվարի 24-ին ավարտվել է արդեն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարումն այդ պաշտոնում։ Փետրվարի 25-ից ՄԻՊ պարտականությունները ստանձնել է Քրիստիննե Գրիգորյանը։