AM
26 Փետրվար 2022 - 12:12 AMT

ՀՀ-ում ԵՄ երկրների ներկայացուցիչներն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն

ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և Երևանում ԵՄ անդամ այլ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչներն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունն ու համերաշխությունը: Այդ մասին ասվում է Երևանում Շվեդիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«ԵՄ-ն միասնական է և վերահաստատում է իր աներկբա աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։