«Ժառանգություն» կուսակցությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է համապետական Քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում դատապարտել է Ադրբեջանի ցեղասպան բնույթը, ահազանգ հնչեցրել Հայաստանի ժողովրդավարական անկման մասին և կոչ արել իշխող վարչակարգի գործող ղեկավարին հրաժարական տալ։
ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստում, որին մասնակցել է բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել ադրբեջանա-թուրքական ներխուժման և Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված և շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝
ա) իր խորը մտահոգությունն է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ և անհապաղ զինադադարի ու առկա խնդիրների դիվանագիտական լուծման կոչ արեց,
բ) դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների՝ 2021թ. հունիսի 15-ին ստորագրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» բռնազավթողական, պանթուրքական փաստաթղթի վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, նրանց կողմից շարունակական զավթողական գործողություններ կատարելու, սահմանի երկու կողմում մշակութային ցեղասպանություն իրականացնելու և մի քանի տասնյակ հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող անձանց հայրենադարձումը մերժելու համար,
գ) անթույլատրելի է համարել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշների կայուն անկումը և ավտոկրատիայի խորացմանն ուղղված ընդգծված միտումը, այդ թվում՝ խոսքի ազատության, դատաիրավական անկախության դեմ վերջերս իրականացված միջոցները,
դ) խստիվ քննադատության է ենթարկել իշխող վարչակարգի և նրա գործող ղեկավարի բևեռացնող ներքին քաղաքականությունն ու հռետորաբանությունը,
ե) մերժելի է համարել բռնազավթիչ հարևանների նկատմամբ նրա անդադրում, անհիմն թողտվությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքների ու Արցախի իրավական հիմքերի աննախադեպ զիջողական վարքագիծը,
զ) կոչ է արել նրան հրաժարական տալ՝ արժանապատվություն ցուցաբերելով հանուն ազգի ապագայի», – ասված է կուսակցության հայտարարության մեջ






