«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի առաջադրմանը, ասել է, որ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի:
Օհանյանը հայտարարել է, որ Վահագն Խաչատուրյանը, որը հանդիսանում է իշխող քաղաքական թիմի անդամ, չի կարողանալու անաչառություն դրսևորել, գրում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագահի ընտրություններին մասնակցելու հարցը և միասնական որոշում է կայացրել՝ չմասնակցելու դրանց։
«Հիմնավորումները մի քանիսն են, նախ՝ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի։ Այսօրվա նախագահի թեկնածուն հանդիսանում է կուսակցության անդամ և նրան ներկայացրել են այսօրվա կառավարության անդամները։ Ըստ էության՝ կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն»,-ասել է Օհանյանը:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը:Նախագահի միակ թեկնածուն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է, որին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել:Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը և չեն մասնակցելու նախագահի ընտրության քվեարկությանը:






