AM
4 Մարտ 2022 - 12:20 AMT

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խաչատուրյանին և աջակցելու պատրաստակամություն հայտնել

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այդ մասին ասվում է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Հարգելի պարոն Խաչատուրյան, շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ:

Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին:

Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Մարտի 3-ին Վահագն Խաչատուրյանը երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները կողմ են քվեարկել, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Խաչատուրյանն ընտրվել է 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 13-ին։