AM
7 Մարտ 2022 - 11:58 AMT

Աղաջանյան․ ՔՊ-ն Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չի քննարկում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չի քննարկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը հիշեցրել է, որ Արցախի խորհրդարանը վերջերս «Արցախի օկուպացված տարածքների» մասին օրենք է ընդունել և հետաքրքրվել՝ հնարավո՞ր է Հայաստանի խորհրդարանը նույնպես նման օրենք ընդունի, սակայն Աղաջանյանը հայտարարել է, որ նման հարց չի քննարկվում, օրակարգում նման հարց չկա, գրում է «Փաստինֆոն»։

Ինչ վերաբերում է Արցախի կողմից ընդունված օրենքի նախագծին, Աղաջանյանը հայտարարել է, որ որևէ մեկնաբանություն չունի սրա վերաբերյալ:

Փետրվարի 18-ին ԱՀ ԱԺ-ն միաձայն ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը։ Օրենքով սահմանվում է 1991-1994թթ-ին, 2016թ-ին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված առանձնահատկությունները։